Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայ

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը։
Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայկական սփյուռքի խորհուրդը։
«Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 1-ին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հայազգի զինծառայող է զոհվել։ Բուրյաթիայում ծնված Դավիթ Հարությունյանը մահացել է՝ փրկելով ընկերոջը։ Շարքային Հարությունյանը խիզախության ու անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։