ՏԿԵ–ն հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Նման տեղեկություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։
«Ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ հորդորում ենք վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՏԿԵ–ն հայտնում է, որ ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։
Միաժամանակ, այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։
Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։