ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության շրջանակում ավարտին են հասցնում «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նաև նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
Մեկ օրում ռուսական զորքերը 12 կմ առաջ են շարժվել, դուրս են եկել Նիկոլսկոյե բնակավայրի սահմանագիծ և ԴԺՀ ստորաբաժանումների հետ միասին արգելափակել են Սլադկոյե բնակավայրը։
Ոչնչացվել է ազգայնականների մինչև 60 գրոհային, երկու տանկ, երեք զրահամեքենա, դաշտային հրետանու վեց հրանոթ և ականանետ: Ներկայում մարտեր են ընթանում գրոհայինների մնացորդների և ուկրաինական զորքերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների դեմ՝ Սլադկոյե, Նովոուկրաինկա և Շախտյորսկոյե բնակավայրերը գրավելու համար:
Մեկ օրվա ընթացքում ավիացիան խոցել Է Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ, երկու ՀԿՌՀ կայանք, 9 հրետանային զենք, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի 5 պահեստ, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման 65 կետ: Ոչնչացվել է 7 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ողջ ընթացքում ոչնչացրել են ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, գրեթե 1,5 հազար տանկ, 150 ՀԿՌՀ կայանք, դաշտային հրետանու և ականանետերի գրեթե 600 զենք, գրեթե 1,3 հազար միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։