Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային, պատմական կապերն ամուր են. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային, պատմական կապերն ամուր են ու բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցությունից։ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` աաս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։
«Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ»,–ասված է Միրզոյանի ուղերձում։
Նա նշում է նաև, որ այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև ընդհանուր արժեքները:
Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օր տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։