Երևանն իր երկրորդ հայրենի քաղաքն էր. թաթար գեներալ Գանիևն ու Հայաստանը

Ձախից 2–րդը` Խաբիբ Աբդրախմանովիչ Գանիևն է
Մարդկանց հիշողությունն ընտրողական է. վատն ավելի հաճախ է հիշվում, քան լավը։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացրել են ռուսատյացության աստիճանը, բայց չեն կարող ստիպել մոռանալ, թե ինչը և ինչպես է եղել անցյալում։ Պատմական չափանիշներով՝ բոլորովին վերջերս։
Sputnik
Ծննդյան վայրը՝ Բաշկիրիա, ազգությունը՝ թաթար, սրտի կապվածությունը՝ Հայաստան, զինվորական կոչումը՝ գեներալ։
Խաբիբ Աբդրախմանովիչ Գանիև։ Ծնվել է Սալավատի շրջանի Մալոյազ գյուղում, երբեմնի Բաշկիրիայի ՀԽՍՀ-ում: Բացի Մալոյազից Բաշկիրիայում հարյուրավոր այլ գյուղեր կան. բոլորի անուններն անգիր գիտեր։ Իսկ հայկական գյուղերը հարցնում էի, գեներալը թվարկում էր։ Անուն առ անուն։ Ու այստեղ հարցը լավ հիշողությունը չէ։ Ես հասկացա, որ նա ուզում էր բոլորից լավ իմանալ այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ։
Պաշտոնաթող լինելուց հետո բանակի և Անդրկովկասյան ռազմական օկրուգի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Գանիևը որոշել էր մնալ Հայաստանում։ Ու ոչ այն ժամանակ, երբ նրան լավ աշխատանք առաջարկեցին, այլ մինչ այդ: Դա կարևոր է։
...Գանիևն ապրում էր Մաշտոցի պողոտայում (նախկին Լենինի պողոտա), «Նաիրի» կինոթատրոնի դիմացի էլիտար տանը, ոտքով էր աշխատանքի գնում. ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեն տանը կպած էր՝ Մոսկովյանի վրա։
Կոմիտեում, որտեղ ես աշխատել եմ, ինչպես այդ տեսակի բոլոր կազմակերպություններում, կային բաժիններ, որտեղ մարդիկ գալիս էին բողոքներով ու առաջարկներով (ավելի շատ բողոքներով): Գանիևը պետք է լսեր քաղաքացիների բողոքները և նրանց նախապատրաստեր կոմիտեի նախագահ Եղիշե Աստվածատրյանի, միաժամանակ Կենտկոմի քարտուղարի, ինչպես նաև ՀՀ կառավարության փոխնախագահի հետ զրույցի։
Նման իրավունքներով և լիազորություններով կոմիտեի ղեկավարը, կարելի է ասել, ամենազոր էր և կարող էր գրեթե ամեն հարց լուծել։ Խնդիրն այն էր` թե ում օգտին, ու այստեղ շատ բան կախված էր բողոքների ու առաջարկությունների գրասենյակի ղեկավարի զեկույցից։ Ու քանի որ շատ հաճախ մարդիկ Գանիևին շնորհակալություն էին հայտնում, ապա պարզ է, որ նրա ջանքերը մեծ պետի հետ հանդիպման հարցում միայն օգնում էին քաղաքացիներին։
Նա հայերեն չգիտեր. այն ժամանակ Հայաստանում բոլորը ռուսերեն գիտեին ու լեզվի հետ կապված դժվարություններ չէր ունենում։
Գեներալ-լեյտենանտ Պոպելի ռազմաճակատային հիշողություններից, որոնք այս կամ այն կերպ կապված են լեզվաբանության հետ:
«Առավոտը լուռ էր։ Միայն հեռվից հազվադեպ պայթյուններ էին հնչում։ Անսպասելիորեն բայանի ձայն ենք լսում։ Կալյադինի հետ դեպի այդ ձայնն ենք գնում։
-Ո՞վ է նվագում։
- Կոմիսար Գանիևը։ Նա իսկական գանձ է որպես քաղաշխատող։ Երկու եզակի առավելություն ունի։ Բայան է նվագում ու թաթարերեն գիտի։
- Մայրենի լեզվի իմացությունը դժվար է առավելություն համարել, - առարկում եմ ես:
- Ճիշտ է, - համաձայնում է Կալյադինը, - թաթարերենը նշեցի, քանի որ մեզ մոտ պակասում են քաղաշխատողներ, որոնք կարող են խոսել բաշկիրների, թաթարների, ադրբեջանցիների, ուզբեկների հետ...»
Այլազգի «հայերը», որոնք բարձր էին պահում Հայաստանի մարզական պատիվը
Թաթար Գանիևին հաջողվել է հայերի հետ ռուսերենով լեզու գտնել Սերգեյ Գալաջևի (Սարգիս Գալաջյան) հետ ծանոթությունից հետո, Գլխավոր շտաբի ակադեմիայում, նա պատերազմի ավարտին գեներալ-լեյտենանտ էր:
Գանիևը գործով Երևան էր եկել (քաղխորհրդի պատգամավոր էր, ԿԿ անդամի թեկնածու), սրտանց ընկերացել էր բազմաթիվ հայերի հետ ու ասում էր․«Ուֆայից հետո Երևանն իմ երկրորդ հայրենի քաղաքն է»։
Անձնական հիշողություններից: Երևանում սպասում էին Ալեքսանդր Շելեպինին, որը ԽՍՀՄ ՊԱԿ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ապա` համամիութենական ժողովրդական վերահսկողության կոմիտեի ղեկավարի։ Մոսկովյան փողոցում գտնվող հաստատությունում աղմուկ էր, ծուխ, խառնաշփոթ: Շենքի մուտքի մոտ հանդիպման պատասխանատու Իվան Իվանովիչ Հարությունովն էր կանգնած, որը տնտեսվար էր, Հայաստանի ՊԱԿ պահեստազորի մայոր:
Իվան Իվանովիչին կարգադրել էին ավտոկայանատեղիից հեռացնել պատահական մեքենաները և պատշաճ մաքրություն ապահովել։ Ջրցան մեքենան փայլեցրել էր Մոսկովյանի այդ հատվածը, ու ահա զանգահարեցին՝ գալիս են։
Հարությունովը նետվեց փողոց՝ վերջին հրահանգները տալու և... հոգոց հանեց։ Կոմիտեի շենքին հարող նրբանցքից հանգուցյալ էին հանում, մարդիկ քայլում էին նրա հետևից, ու դա այն պահին, երբ, թարսի պես, փողոց էր մտնում Մոսկվայից եկած հյուրի մեքենան:
- Ի՞նչ անենք: - մայորը դիմեց փողոցում կանգնած Գանիևին։
- Պետք չէ կրակոցից շուտ ընկնել, - պատասխանեց գեներալը, բոլորս էլ մարդ ենք, բոլորս մահկանացու ենք։ Նորմալ է։
Այդ ընթացքում բարձրաստիճան հյուրով ավտոմեքենան մոտեցավ մայթին ու կանգնեց։ Դրանից դուրս եկավ ակնհայտորեն ոչ կովկասյան ազգության մի մարդ, հանեց գլխարկն ու կանգնեց այնքան ժամանակ, մինչև սգավորներն անցան: Դրանից հետո Իվան Իվանիչը հանգիստ շունչ քաշեց․ «Ամեն ինչ կարգին է»։
Նկատառում առաջին՝ «կարգուկանոնն» ու «պարկեշտությունը» շատ մոտիկ երևույթներ են: Բայց երկրորդը պարտադիր չէ, որ բխի առաջինից. ամեն ինչ կախված է կոնկրետ Իվան Իվանիչերից, ու նաև այն բանից, թե գլխարկի տակ ինչ գլուխ է։
... Գեներալ Գանիևը մահացել է 1970 թվականի նոյեմբերին Երևանում, այստեղ էլ թաղված է:
Ինչու էին հայերն ուզում, որ իրենց որդիները ծառայեն ԽՍՀՄ սահմանապահ զորքերում