ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ավելի քան 3500 ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց թվում են նաև հայկական բեռնատարները, ռուսական կողմից մնացել են Վերին Լարսի անցակետում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
«Արդեն մի քանի օր է, ինչ դեպի Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների համար վատ եղանակի պատճառով։ Հազարավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել, որոնց մոտ 20 տոկոսը հայկական բեռնատարներն են»,–ասել է Թանանյանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցները տեղակայված են Կաբարդինո-Բալկարիայից մինչև Վերին Լարս մաքսակետ տանող ճանապարհի տարբեր հատվածներում խցանման երկարությունը 30 կիլոմետրից ավելին է։
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Վրաստանի Վերին Լարսի անցակետը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է: Պատճառը ձյան տեղումներն են և ձնահոսքի վտանգը։