Արցախը ՀՀ–ի հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է

Արցախում որոշ տեղերում ձյան շերտի բարձրությունը 1 մետրից էլ ավել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Առատ ձյան պատճառով Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը փակ է։ Նման հայտարարություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում երթևեկությունը դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ:
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ:
Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 1մ- 150 սմ: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, որպեսզի բացառվի դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները: