Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը

Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են։
Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ: Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:
Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:
Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են:
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին։
ԱԻՊԾ շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911,101,112 հետախոսահամարներով։
Հիշեցնենք, որ երեկվանից Արցախի հանրային տրանսպորտն էլ չի գործում։ Բացի այդ, վաղվա դասերը հետաձգվել են` դրան կլրացվեն մարտի 26-ին։