ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօրվանից կսկսի աստղագիտական գարունը. Երևանի ժամանակով 19։33-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ: Այս օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:
Խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:
Տարիներ առաջ գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, և ավագ սերնդի մոտ դեռևս կա այդ կարծրատիպը։ Սակայն ամեն տարի այն փոխվում է և տեղի է ունենում ավելի վաղ:
Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է (շարժվող պտտվող մարմնի առանցքի ուղղության փոփոխությունը). նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 25 772 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ: Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը:
«Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 17-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: