Թուրքիան պետք է բաց շփումներ պահպանի Ռուսաստանի հետ. Էրդողանի ներկայացուցիչ

Իբրահիմ Քալըն
Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Անկարան պետք է փորձի հասկանալ Մոսկվայի` անվտանգության վերաբերյալ մտավախությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Թուրքիան տեսնում ու հասկանում է այլ երկրների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, սակայն կարծում է, որ պետք է բաց շփումներ ունենա Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քալընի խոսքով` Թուրքիան պետք է բաց պահի Ռուսաստանի հետ կապի ուղիները:
«Մենք հենց սկզբից հանդես ենք գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության օգտին։ Սակայն մենք պետք է բաց պահենք ռուսական կողմի հետ կապի ուղիները և փորձենք հասկանալ նրանց` անվտանգության վերաբերյալ մտավախությունները»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։