Սև ծովում Ուկրաինայի տեղադրած ականները կարող են հասնել Բոսֆոր ու Միջերկրական ծով

Նավեր Խերսոնի ծովային առևտրային նավահանգստում
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր շուրջ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների ծովային մատույցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սև ծովի ափամերձ տարածքներում ուկրաինական զինուժի տեղադրած ականները կարող են հասնել մինչև Բոսֆորի նեղուց ու Միջերկրական ծով։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ռուսական կողմը չի բացառել, որ ծովի հատակից պոկված ականները ջրի հոսանքով կարող են հասնել մինչև Բոսֆոր, այնտեղից էլ` Միջերկրածովյան ավազանի այլ ծովեր:
Ռուսական կողմի տեղեկություններով` Ուկրաինայի ռազմածովային ուժերը ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր շուրջ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի և Յուժնի նավահանգիստների ծովային մատույցներում։
«Հաշվի առնելով, որ ուկրաինական թվարկված նավահանգիստների տարածքներում գերակշռում են հարավային մակերևութային հոսանքները, չի բացառվում ականների հոսքը դեպի Բոսֆոր և հետագայում Միջերկրական ծովի ավազանի ծովեր»,- ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։