Մեծ մասի տներում արդեն գազ կա. Ստեփանակերտում ձյան բարձրությունը հասնում է 40 սմ-ի

Արցախի բնակչությունն ավելի քան 11 օր անընդմեջ զրկվել էր բնական գազից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Արցախում բաժանորդների մեծ մասի գազամատակարարումը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Մոտակա ժամերին մնացած մասը ևս կապահովվի բնական գազով»,– գրել է նա իր Telegram–յան ալիքում։
Բեգլարյանը նշել է, որ այժմ Արցախի բնակչությունը կկարողանա հաղթահարել ջեռուցման խնդիրը։

«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի մյուս բնակավայրերում՝ ավելի բարձր, ինչն աննախադեպ է մարտի համար։ Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունն ադրբեջանական կողմի արհեստական և միտումնավոր խոչընդոտների պատճառով ավելի քան 11 օր անընդմեջ զրկվել էր բնական գազից »,– եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն (գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ)։
ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Վերանորոգման աշխատանքները երեկ են ավարտվել։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ բնական գազն արդեն մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ։