Մարիուպոլցի կանայք պատմել են «Ազովի» զինյալների վայրագությունների մասին

Փախստականներ
Կանանցից մեկն ասել է, որ Մարիուպոլում մարդիկ ջուրը ջրափոսերից են խմում, ուտելիքն էլ խարույկի վրա են պատրաստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մարիուպոլի բնակիչները պատմել են «Ազով» գումարտակի գրոհայինների մասին։

«Նրանք մոլագարներ են։ Այլ կերպ չեմ կարող ասել, խոսքեր չունեմ», - ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցում ասել է Իրինա Անտոնյուկը։

Նա վերհիշել է, որ փետրվարի 24-ից, երբ սկսվեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը, «Ազովը» սկսեց գնդակոծել Մարիուպոլի բնակելի թաղամասերը, ինչպես նաև կրակ բացեց քաղաքից հեռացած ուկրաինական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ: «Մարիուպոլում մնացին միայն «ազովցիները»,– ավելացրել է Անտոնյուկը։
Նա պատմել է, որ նացիստներն այրել են Մարիուպոլի խոշոր խանութները, մոտեցել են զրահատեխնիկայով ու այրվող խառնուրդով շշեր նետել։
Խաղաղ քաղաքացիները չեն կարողացել մեքենաներով տեղաշարժվել Մարիուպոլում․ ազգայնականները ուղևորներին դուրս են նետել ու յուրացրել մեքենաները։ Անտոնյուկի խոսքով` նրանք մարդկանց վտարել են տներից ու դիրքեր զբաղեցրել այդ տներում։
Կնոջ խոսքով՝ վերջին շրջանում Մարիուպոլում «ազովցիների» թիվը չափազանց շատ է եղել։
«Նրանք ամուսնանում էին, երեխաներ ունենում, զինվորական հագուստով էին շրջում։ Նրանք բազմանում էին։ Ինձ հետաքրքիր է` իրենց ծնած երեխաներին հասցրի՞ն դուրս բերել Մարիուպոլից, նախքան այլ մարդկանց (քաղաքում) փակելը», - ավելացրել է նա։
Անտոնյուկը Մարիուպոլի մի քանի այլ բնակիչների հետ կարողացել է քաղաքից հեռանալ մեքենայով։
«Մարդիկ ասացին, որ ԴԺՀ-ն մի փոքր հատված է բացել, որտեղ «ազովցիներ» չկան։ Մենք ռիսկի գնացինք ու դուրս եկանք... Շատ էինք վախենում», - ասել է նա։
Քաղաքում խոսակցություններ են պտտվել, թե մարդիկ փորձում են դուրս գալ Մարիուպոլից, իսկ նացիստները նրանց գնդակահարում են, այդ պատճառով չէին կարող ավտոմեքենաների վրա սպիտակ դրոշ կախել, որպեսզի «ազովցիները» գնացողներին հանձնվողների տեղ չդնեն։
Կինն ասել է, որ ազատագրված տարածքում նրանց շատ լավ են դիմավորել։
«Ամեն տեղ հարցնում էին՝ արդյոք սոված կամ ծարավ չենք», - նշել է Անտոնյուկը:
Մարիուպոլում բնակված Լյուդմիլա Վերեշչական էլ պատմել է, որ փետրվարի 24-ից հետո ուկրաինական զորքերը «շատ արագ հեռացել են» քաղաքից, որոշ զինվորականներ մնացել են միայն տեղի հոսպիտալում:
«Մնացած ամեն ինչ «Ազովի» վերահսկողության տակ էր։ Նրանք քաղաքի տերերը դարձան», - ավելացրել է Վերեշչական։ Նրա խոսքով՝ «ազովցիները» նաև դեղատներն էին այրում։
Վերեշչակայի խոսքով` նացիստները զբաղեցրել էին հիմնականում դպրոցներն ու մանկապարտեզները։ Իսկ խաղաղ քաղաքացիները թաքնվում էին իրենց տների նկուղներում։
«Աղբ, առնետներ։ Ինչերի միջով անցանք։ Աստված չանի` ուրիշներն էլ նման բան տեսնեն», - ասել է կինը։
Մարիուպոլցի Գալինա Սուրգուչն էլ խնդրանքով դիմել է ռուսներին։
«Շատ եմ խնդրում` օգնեք այնտեղ մնացած մարդկանց։ Փոքր երեխաներ կան, հղի աղջիկներ։ Մարդիկ ուտելիք չունեն։ Խնդրում եմ` մի բանով օգնեք», - արտասվել է նա։
Կնոջ խոսքով՝ մարդիկ ապրում են ինչպես Լենինգրադի շրջափակման ժամանակ։
«Ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ։ Ջուրը ջրափոսերից էինք խմում: Խարույկի վրա էինք սնունդ պատրաստում», - ասել է նա։
Սուրգուչն ավելացրել է` ուկրաինական ռադիոյով էլ հաղորդում են, թե Ռուսաստանն իբր թույլ չի տալիս, որ հումանիտար օգնություն մտնի քաղաք։
Խաղաղ բնակիչների շարասյունը Մարիուպոլից շարժվում է դեպի ԴԺՀ. տեսանյութ
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել էր, որ Կիևը Մարիուպոլում շրջափակված ազգայնականներին հորդորում է «նահատակներ» դառնալ՝ որպես «բնական պատնեշ» օգտագործելով քաղաքի 200 հազար բնակիչներին:
Նա նաև հայտնել էր, որ մարդասիրական գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմն արդեն 450 տոննա դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև պարենամթերք է փոխանցել Մարիուպոլի բնակչությանը։
Ցավ ու տառապանք. ինչպես են փախստականները դուրս գալիս Մարիուպոլից