Մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի

Սրբուհի Գևորգյան
Բուհի ռեկտոր ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր կայացել է Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը, որի ընթացքում բուհի ռեկտոր է ընտրվել միակ թեկնածուն` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը։ Տեղեկությունը հայտնում է Մանկավարժական համալսարանի մամուլի ծառայությունը։
«Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով միաձայն` 19 կողմ ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել` լիահույս է, որ բուհը կհաղթահարի մանկավարժական կրթության առջև ծառացած ճգնաժամը:
Նշենք, որ ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2021թ–ին։ Դեկտեմբերի 18-ին բուհի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընտրվել էր ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։