Կադրային նոր փոփոխություններ. Արսեն Թորոսյանը կվերադառնա կառավարությո՞ւն

Արսեն Թորոսյանն ու Վահագն Խաչատուրյանը
«Հրապարակ» թերթը հայտնում է, որ կառավարությունում քննարկվում է մի քանի նախարարների, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության ու նոր նշանակումների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Վահագն Խաչատուրյանի` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թափուր մնացած պաշտոնում առաջիկայում կարող է նշանակվել առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ըստ թերթի` Թորոսյանը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով առաջ է մղում իր թեկնածությունը։
«Հրապարակը» գրում է, որ կառավարությունում քննարկվում է նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին փոխարինելու հարցը:
Հիշեցնենք` ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կայացավ մարտի 13–ին։ Նա ՀՀ նախագահ էր ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության` ՔՊ–ի 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։