ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հրետանային ստորաբաժանումների զինծառայողները ճամբարային հավաքի շրջանակում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը բարձրլեռնային տեղանքում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հրետանավորները «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետախուզել են պայմանական հակառակորդի թիրախները և տվյալները փոխանցել հրետանային ստորաբաժանումներին, որոնք զինված են «Ակացիա» 152 մմ ինքնագնաց հաուբիցներով, 2C12 «Սանի» ականանետային համալիրներով ու «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։
Հրետանային հաշվարկները 1-ից մինչև 15 կմ հեռավորության վրա ոչնչացրել են առանձին և խմբային թիրախները՝ կիրառելով նավիգացիոն սարքավորման, բալիստիկ կայանի, կապի ժամանակակից միջոցների օգտագործման հմտություններ:
Հարավային ռազմական օկրուգը հրթիռային զորքերի ու հրետանու ստորաբաժանումների ճամբարային հավաքներ է անցկացնում Աբխազիայի, Հայաստանի, Հարավային Օսեթիայի ու Աստրախանի մարզի զորավարժարաններում։
Հավաքի նպատակն է հրետանային ստորաբաժանումների փուլային համադրումը, անձնակազմի մարտական ուսուցման կատարելագործումը, հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը կրակի կառավարման գործում:
Ընդհանուր առմամբ հավաքին մասնակցում են ՀՌՕ ավելի քան 1,5 հազար զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 300 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, քարշակվող «Մստա-Բ» հաուբիցներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Սանի» ականանետներ: