ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ։ Տեղեկությունը Facebook–ում հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել էինք, օր օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցություններիշնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: