ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանից դեղերի ներկրումը բնականոն հունով է ընթանում: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ Եվրոպան մեկ շաբաթում գրեթե դադարեցրել է դեղանյութերի մատակարարումը, իսկ դրանց ներմուծումը Չինաստանից և Հնդկաստանից (որոնց բաժին է ընկնում ներկրվող հումքի 80 տոկոսը) դժվարացել է լոգիստիկ շղթաների խախտումների պատճառով։ Ընդ որում` ընկերությունների պաշարները, ըստ տարբեր գնահատականների, կբավականացնեն 3-6 ամիս։
Sputnik Արմենիան առողջապահության նախարարությանն էր դիմել պարզելու համար, թե ռուսաստանյան ընկերություններում առաջացած խնդիրները որքանով կարող են ազդել հայաստանյան շուկայի վրա։
«Այժմ Ռուսաստանի Դաշնությունից դեղերի ներկրման գործընթացի հետ կապված խոչընդոտներ չկան»,–հայտնել են գերատեսչությունից։
Նախարարությունը միաժամանակ տեղեկացրել է, որ 2021-ին դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման հայտ է ներկայացրել 127 ընկերություն:
Մասնավորապես, նախորդ տարի 20 երկրից է դեղ ներմուծվել Հայաստան, իսկ առաջատարը Ռուսաստանն է` 26.98 տոկոս ցուցանիշով։ 2021 թվականին Հայաստան դեղ ներմուծած երկրների ցանկում Ուկրաինայի մասնաբաժինը կազմել է 3.52 տոկոս. ըստ տարեկան ներմուծման ծավալի` այս երկիրը 9-րդ տեղում է։
Բացի այդ, մեր երկիր դեղ է ներմուծվել նաև Շվեյցարիայից (9.78 տոկոս), Գերմանիայից (8.73 տոկոս), Հունգարիայից (8.06 տոկոս), Ֆրանսիայից (7.53 տոկոս) և այլ երկրներից։
Ինչ վերաբերում է դեղանյութի ներմուծմանը, ապա Ռուսաստանը չկա այդ ցանկում. նախորդ տարի 15 երկրից է դեղանյութ ներմուծվել Հայաստան` ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լեհաստան, Հնդկաստան, Մալայզիա, Շվեյցարիա, Չեխիա, Չինաստան, Սեյշելյան կղզիներ, Ուկրաինա և Ֆրանսիա։
Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք հնարավոր է` ՀՀ դեղերի շուկայում գնաճ արձանագրվի, և ինչ քայլեր են իրականացվում, որպեսզի դեղերի շուկան զերծ մնա հնարավոր ցնցումներից։ Մեր այս հարցին ի պատասխան հայտնել են, որ նախարարությունը դեղորայքային շուկայում գների կարգավորման գործառույթ չի իրականացնում։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան հունվարին անդրադարձել էր հայաստանյան դեղերի շուկայում արձանագրված գնաճին. թանկացել են հատկապես սրտանոթային հիվանդների համար նախատեսված դեղերը։ Հավելենք, որ վերջին օրերին քաղաքացիները դեղերի թանկացումների մասին չեն ահազանգում։