ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ոստիկանությունը «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ է նախատեսում իրականացնել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայատարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով` այս պահին համատեղ աշխատանքներ ենք իրականացնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հետ։
«Մեր նպատակն է հնարավորինս հստակեցնել զենքի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարաբերությունների շրջանակը, զենքի շրջանառության հետ կապված լիցենզիաների և թույլտվության տրամադրման կարգերը։ Բացի այդ, ուզում ենք օրենքում առկա բացերը և հակասությունները վերացնել»,–ասաց Ֆիդանյանը։
Նա հավելեց, որ նախատեսում են սահմանել մեխանիզմներ, ըստ որի` քաղաքացիներին հնարավորություն կընձեռնվի սահմանված ընթացակարգով և ժամկետներում հաշվառել իրենց մոտ գտնվող ողորկափող հրազենը։ Սա, ըստ Ֆիդանյանի, կնպաստի զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը։