ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ուկրաինայի ժողովրդին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչներն ուզում են Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ դարձնել, տեղեկանում ենք Nobelprizeforukraine.org կայքից։
«Պատմականորեն աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո մենք կոչ ենք անում խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման կոմիտեին վերսկսել և վերանայել 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ընթացակարգը: Կարծում ենք` այժմ ճիշտ ժամանակն է Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ աշխարհն իրենց կողմից է»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը պետք է երկարաձգել` հնարավորություն ընձեռելով, որ Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին առաջադրեն այդ անվանակարգում։
Ավելի վաղ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի են հավակնում 251 մասնավոր անձ և 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ռուս լրագրող և «Նովայա գազետայի»ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։