YouTube–ը ՌԴ–ում կարող է արգելափակվել մինչև հաջորդ շաբաթվա վերջ, գուցե այսօր. ԶԼՄ

Սմարթֆոն
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը համոզված է, որ արգելափակումը պարզապես հետաձգել են, որպեսզի ամեն ինչ միանգամից չլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռոսկոմնադզորը պետք է դեռ անցած շաբաթ YouTube–ը արգելափակեր ՌԴ–ում, բայց որոշումը հավանաբար հետաձգել են Instagram–ի արգելափակման պատճառով, տեսահարթակի հասանելիության սահմանափակման կարելի է սպասել առաջիկա օրերին, գուցե արդեն այսօր, հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
«Ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ շաբաթվա վերջ YouTube–ն արդեն կարգելափակեն։ Շատ հավանական եմ համարում դա։ Ինձ հայտնի է, որ այն պետք է արգելափակեին դեռ նախորդ շաբաթ, սակայն արգելափակեցին Meta–ն (Instagram, Facebook), և ես համոզված եմ, որ արգելափակումը պարզապես հետաձգել են, որպեսզի ամեն ինչ միանգամից չլինի», – ասել է գործակալության զրուցակիցը։
Միևնույն ժամանակ նա ենթադրել է, որ արգելափակումը կարող է տեղի ունենալ նույնիսկ այսօր։ ՌԻԱ Նովոստին այս հարցի վերաբերյալ հարցում է ուղարկել Ռոսկոմնադզորին։
Հիշեցնենք` ռուսաստանցիների նկատմամբ բռնության կոչեր թույլատրելու պատճառով Ռոսկոմնադզորը ՌԴ գլխավոր դատախազության պահանջով մարտի 11-ին սահմանափակեց Instagram–ի հասանելիությունը ։ Մարտի 14-ին այն արգելափակվեց ամբողջությամբ։ Մարտի սկզբին Ռոսկոմնադզորը, որպես ռուսական ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակման պատասխան միջոց, արգելափակեց Facebook–ը։