Ուկրաինացի զինվորականները փորձել են «Տոչկա-Ու» հրթիռներով հարվածել Մելիտոպոլին․ ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Հրթիռակոծությունն իրականացվել է Զապորոժիե քաղաքի հարավարևելյան ծայրամասից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել ուկրաինական զորքերի հրթիռային հարվածը Մելիտոպոլին։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Մարտի 18-ի գիշերը Կիևի ազգայնական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից Մելիտոպոլ քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ հարվածներ են հասցվել «Տոչկա-Ու» հրթիռներով՝ կասետային մարտական մասերով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով քաղաքի խաղաղ բնակիչների ուղղությամբ հրթիռային հարձակումը հետ է մղվել», - նշել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ հրթիռակոծությունն իրականացվել է հյուսիսային ուղղությունից՝ Զապորոժիեի հարավարևելյան ծայրամասից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ավելացրել է, որ ռուս զինվորականները հայտնաբերել են ուկրաինական բալիստիկ հրթիռների արձակման կոորդինատները: Հետագա հարձակումները կանխելու համար նրանք կայանքները ոչնչացրել են «Իսկանդեր» երկու հրթիռներով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։