ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևմուտքին հորդորել է որևէ սպառազինություն չուղարկել Ուկրաինա։ RT-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ շարասյուները լեգիտիմ թիրախ կդառնան Ռուսաստանի համար։
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Կիևին։
«Ուզում եմ հիշեցնել բոլոր այն երկրներին, որոնք նման գաղափար են մտմտում, որ իրենց մատակարարած խորհրդային կամ ռուսական արտադրության համակարգերն արգելված է փոխանցել երրորդ երկրներին»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ, որոնք ընդհանուր կլինեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ու ողջ Եվրոպայի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնարավոր է` եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինային փոխանցեն իրենց տրամադրության տակ գտնվող ռուսական կամ խորհրդային արտադրության Ս-300 համակարգերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։