ՌԴ ՊՆ-ն հայտնել է խաղաղ ուկրաինացիների նկատմամբ ազգայնականների բռնության փաստերի մասին

Գնդակահարվել են այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են լքել իրենց թաքստոցները և դուրս գալ փողոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն արձանագրում է Ուկրաինայում խաղաղ բնակչության նկատմամբ ազգայնական բռնության բազմաթիվ փաստեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Չեռնիգովում ազգայնական գումարտակների զինյալները ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ տեղի բնակչությանից խլում են վերջին սննդամթերքը, այդ թվում՝ որպես մարդասիրական օգնություն ստացվածները։ Բացի այդ, նրանք Զապորոժիեում բռնի ուժով Մոլոտովի կոկտեյլներ են բաժանում բնակիչներին և կոչ են անում նետել դրանք ռուսական զորքերի վրա՝ դրանով իսկ ցինիկաբար մարդկանց մղելով դեպի անխուսափելի մահ»,-ասաց նա։
Միզինցևի խոսքով` Խարկովում ազգայնականները կրակել են մարդասիրական օգնության բաշխման վայրում, իսկ Սևերոդոնեցկում ազգային կազմավորումներն ու օտարերկրյա վարձկանները տեղի բնակչությանը բռնի տեղավորել են գրավված բնակելի շենքերի շուրջ։ Գնդակահարվել են այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են լքել իրենց թաքստոցները և դուրս գալ փողոց։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները փորձել են «Տոչկա-Ու» հրթիռներով հարվածել Մելիտոպոլին․ ՌԴ ՊՆ