ՔՊ-ում հակված են ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելուն. ԶԼՄ

Ակնկալվում է, որ Փաշինյանը կխոսի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
«Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Նշվում է նաև, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաև արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու, քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմանում, հետևաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձևաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե իրենց, թե բոլորիս առհասարակ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։