ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիայի հետ խոսել է Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին: Այս համատեքստում պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի հետևանքով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից: Արդյունքում խախտվել են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների:
Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը:
Լիլա Փիթրս Յահիան կարևորել է պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը:
Գրիգորյանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն (գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ)։
ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Վերանորոգման աշխատանքներն այսօր ավարտվել են, բայց դեռ հստակ հայտի չէ` երբ կվերականգնվի գազամատակարարումը։