Մարդիկ կարող են օգտվել դեղերի առաքման ծառայությունից. բացվեց «ՀայՓոստ Մեդի» ևս 1 դեղատուն

Բացվեց «ՀայՓոստ Մեդի» ևս 1 դեղատուն
Ավանեսյանը կարևորել է մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու հանգամանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` դեղատնային ցանցի այսպես ընդլայնումը կարևոր է` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից։
Բացվեց «ՀայՓոստ Մեդի» ևս 1 դեղատուն
«Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով կնպաստի առողջապահության նախարարության մեկնարկած կարևորագույն ռեֆորմի իրագործմանը` առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում և քաղաքացիների համար հասանելի և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցում»,– նշել է Ավանեսյանը
«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ընդգծել է, որ ստեղծվող դեղատնային ցանցը կօգնի հասանելի և հարմարավետ դարձնել ծառայությունները։
«Այսուհետև մեր բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ Մեդ» դեղատուն կամ օգտվել մարզերում դեղատնային ապրանքների տուն առաքման ծառայությունից: Գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:
Կարապետյանը հայտնել է, որ նախատեսված է դեղերի առաքման ծառայություն ներդնել նաև մայրաքաղաքում: