ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՄԱԿ–ը Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրերի առկայությունն ուսումնասիրելու համար տեխնիկական միջոցներ և մանդատ չունի, որոնց մասին հայտարարում է Ռուսաստանը։ ՄԱԿ–ի ԱԽ նիստում այս մասին այսօր ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Տեղյակ եմ, որ ՌԴ–ն փաստաթղթեր է ներկայացրել Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի իրականացման մեղադրանքների հետ կապված։ ՄԱԿ–ը Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի վերաբերյալ տեղեկություն չունի։ ՄԱԿ–ը այդ տեղեկությունն ուսումնասիրելու տեխնիկական հնարավորություններ և մանդատ ևս չունի», – ասել է Նակամիցուն։
Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրերի թեմայով ՌԴ–ի կողմից հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստ է ընթանում այսօր։
Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի տարածքում բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը, դրանք աշխատում էին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով: Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ պատվերով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են:
Նշենք, որ մարտի 15–ին պարզ դարձավ, որ Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում: