ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շփումը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը Մակրոնին ասել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն անում է հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ կազմակերպելով մարդասիրական միջանցքներ։
Բացի այդ, Պուտինը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ուժերի և ազգայնականների կողմից ամեն օր իրականացվող բազմաթիվ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ Դոնբաս քաղաքների զանգվածային հրթիռակոծման և հրետանային գնդակոծությունների վրա։
Կողմերը քննարկել են նաև Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները, Պուտինը նախանշել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման հիմնարար մոտեցումները։
Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 10 րոպե։ Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Հատուկ գործողության մեկնարկից սկսած` Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան Բելառուսում բանակցությունների երեք փուլ են անցկացրել, ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Այժմ այս ձևաչափով բանակցություններ են ընթանում ամեն օր՝ տեսահղումով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։