ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կիևն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցությունները՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը Շոլցի ուշադրությունն է հրավիրել Դոնեցկի և Մակիիվկայի բնակելի թաղամասերի վրա ուկրաինական ուժայինների կողմից հրթիռակոծությունների վրա, որոնք հանգեցրել են մեծաթիվ զոհերի։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ այս պատերազմական հանցագործություններն անտեսվել են Արևմուտքում։
Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, այդ թվում՝ բնակչության համար անվտանգ միջանցքներ կազմակերպելով։ Այսպես, մարտի 17-ին Մարիուպոլում մարդասիրական միջանցքներով մոտ 43 հազար մարդ է տարհանվել։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը պատրաստ է շարունակել լուծումների որոնումն իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համապատասխան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։