Խորամանկ կապիկը ծառին նստած մտածում է` ինչ օգուտ կարող է ստանալ Արևմուտք–ՌԴ առճակատումից

Թուրքիայի նախագահ
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Միջազգային հանրությունը կարծես թե վաղուց արդեն հասկացել է, որ Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու Անկարայի պարբերական ջանքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մաքուր ինքնագովազդ։ Համենայնդեպս, մինչև հիմա դրանք բացարձակ որևէ տեսանելի արդյունք չեն տվել։ Եվ, այնուամենայնիվ, շատերը շարունակում են հարցնել՝ լա՛վ, ո՞րն է Թուրքիայի իրական նպատակը։
Ռուսաստանցի արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին շատ հստակ է պատասխանում. «Էրդողանը հավատացած է, որ հասունացել է ամենահարմար պահը կյանքի կոչելու թուրքական հավակնությունները՝ Թուրքիան դարձնել համաշխարհային տերություն կամ առնվազն տեղ գրավել ամենազարգացած պետությունների տասնյակում»։
Ուկրաինան առաջարկում է Թուրքիային դարձնել անվտանգության երաշխավոր երկիր. Կուլեբա
Ոմանք այս առիթով մտաբերում են չինական հին առակը խորամանկ կապիկի մասին, որը սարից հետևում է, թե ինչպես են ներքևի դաշտավայրում կռվում երկու վագրերը։ Մաո Ձեդունը ժամանակին շատ ավելի ճոխ է ներկայացրել այս պատկերը։
Չինաստանի առաջնորդը գրել է. «Անտառի արքայի տիտղոսի համար պայքարում հանդիպել են կապիկը, վագրը և փիղը։ Եվ մինչ վագրն ու փիղը սկսել են կատաղի մենամարտը, կապիկը բարձրացել է ծառին։ Երկարատև կռվից հետո վագրն ի վերջո թռել է փղի մեջքին և կրծել նրա կոկորդը։ Մահացու վիրավոր փիղը տապալվել է գետնին՝ իր մարմնով ճզմելով և սպանելով վագրին։ Այդ ժամանակ կապիկն իջել է ծառից և իրեն հռչակել անտառի արքա»։
Վերլուծաբանները փաստում են՝ ա՛յ, մոտավորապես նույնն է ուզում անել Անկարան, թեև դա նրան դժվար թե հաջողվի։
Բայց համաձայնեք՝ բոլոր դեպքերում առաջին հայացքից անհավանական է թվում` ինչպես է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, կարողանում խուսանավել և լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Ուղղակի, երբ Արևմուտքն է հաշիվ պահանջում, Անկարան հանգիստ պատասխանում է՝ բայց Թուրքիան դեռ Ղրիմի պատմությունից ի վեր միշտ էլ միանշանակ հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։ Ինչի՞ց եք բողոքում։ Իսկ երբ Մոսկվան է դժգոհություն արտահայտում, նույն Անկարան էլի շատ հանգիստ պատասխանում է՝ մենք երբեք չենք միացել Արևմուտքի պատժամիջոցներին և մեր երկինքն էլ հիմնականում բաց ենք պահել ռուսաստանյան ինքնաթիռների համար։ Ինչի՞ց եք դժգոհ։
ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում չեն համընկնում, բայց... Լավրով
Հիմա կասեք` բայց չէ՞ որ Թուրքիան Կիևին անօդաչու թռչող սարքեր՝ «Բայրաքթարներ» է վաճառել, որոնք ուկրաինացիները ռուսների դեմ են օգտագործում։ Սրա պատասխանն էլ թուրքերն ունեն։ Ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը բացատրում է. « Մեր վաճառած արտադրանքը դառնում է այն գնած պետության սեփականությունը, և այդ երկիրն է որոշում, թե ինչպես և ում դեմ օգտագործի զենքը։ Անկարայի դեմ էլ է ժամանակին օգտագործվել արտասահմանյան պետությունների արտադրած զենքը, բայց մեր մտքով անգամ չի անցել պատասխանատվությունը բարդել այս կամ այն երկրի վրա»։
Համաձայնե՛ք` ռացիոնալ հատիկ կա թուրք պաշտոնյայի դատողությունների մեջ, մինչդեռ մենք՝ հայերս, ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել մեր ավանդական էմոցիոնալ դիրքորոշումից. «Այս երկիրը զենք է մատակարարում մեր հակառակորդին, ուրեմն նա էլ է մեր հակառակորդը»։
Եվ վերջապես ընդամենը մի օրինակ, որը լիովին հաստատում է, որ թուրքական, այսպես ասած, չեզոքությունը ռուս-ուկրաինական առճակատման հարցում մեծապես խարսխված է նաև տնտեսական հիմքի վրա։ Ախր առանց Ռուսաստանի և Ուկրաինայի զբոսաշրջությունը Թուրքիայում պարզապես կքանդվի, որովհետև Ռուսաստանը զբոսաշրջիկների քանակով գրավում է առաջին տեղը, Ուկրաինան՝ երրորդ։ Մինչև այս ամենը անցած տարվա ընթացքում Ռուսաստանից եկել էր գրեթե 5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային է, Ուկրաինայից՝ 2 միլիոն։ Լրիվ հասկանալի է, որ այս տարի Ուկրաինայից ընդհանրապես ոչ ոք դեռ չի եկել ու դժվար էլ գա, իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը, մասնագետների կանխատեսմամբ, կնվազի մոտ 60 տոկոսով։ Բայց դե մենք պատերազմներ տեսած ազգ ենք ու հրաշալի գիտենք, որ դրանք վաղ թե ուշ ավարտվում են։
Ճիշտ է, ոմանք պնդում են, թե Մոսկվայի հատուկ գործողությունն Ուկրաինայում դեռ շատ ջուր կքաշի։ Բայց դա բոլորովին այլ թեմա է։ Իսկ առայժմ կարելի է ակնկալել, որ թուրքական «խորամանկ կապիկը» համբերատար ու հանգիստ կնստի ճյուղին այնքան ժամանակ, մինչև գա ծառից իջնելու ամենահարմար պահը։
Մինչ Երևանում գեղեցիկ խոսքեր են արտասանում, Բաքվում պայմանագրեր են կնքվում
ԱՄՆ-ն Ռուսաստանի պատճառով աննախադեպ ճնշում է գործադրում Չինաստանի և Թուրքիայի վրա. Լավրով