Փաշինյանին ուղղված վիրավորանքն ինչպե՞ս է ոստիկանություն «հասնում». Ֆիդանյանի պատասխանը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի հատկանիշներով այս տարի 64 դեպք է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ոստիկանությունը որևէ ծառայություն կամ «սերվիս» չի մատուցում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են որոշում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ասած որ խոսքի համար պետք է անձի դեմ քրգործ հարուցեն, արդյո՞ք հատուկ նման խումբ կա, որը հետևում է այս ամենին։
Հայտնել էինք, որ 2021-ի հուլիսի 30-ին ԱԺ–ն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծ, որի համաձայն` հայհոյանքը, անգամ առցանց (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։ Հանրային գործունեությամբ պայմանավորված անձին ծանր վիրավորանք հասցնելը նույնպես քրեականացվեց։
«2021-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով 268 հանցագործության դեպք է գրանցվել։ Դրանցից 17-ը դատարան է ուղարկվել, 101-ն ընթացքի մեջ է, իսկ մնացածները կարճվել կամ կասեցվել են։ 20 դեպք պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ Իսկ այս տարվա ընթացքում մինչև մարտի 17-ը նույն հոդվածի հատկանիշներով 240 հանցագործության դեպք է գրանցվել, որից 4-ն արդեն դատարանում է, իսկ 48-ն ընթացքի մեջ է, մնացածները կարճվել կամ կասեցվել են»,–ասաց Ֆիդանյանը։
Անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի հատկանիշներով այս տարի 64 դեպք է գրանցվել։
Ինչ վերաբերում է ընթացակարգին, թե ինչպե՞ս են որոշում, որ պետք է դատի տան որևէ մեկին` Փաշինյանին վիրավորելու համար, Ֆիդանյանը նշեց, որ յուրաքանչյուր անձ, որին ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն։ Բացի այդ, ոստիկանությունն է ուսումնասիրություններ կատարում, և ուսումնասիրության առարկա կարող են դառնալ ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիան։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս, օրինակ, դատախազությունը հայտնել էր` Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 000 դրամով։ Իսկ 2021-ին եղան դեպքեր, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեցին Facebook-ում Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։