ՌԱԴԻՈ

Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ՀՀ դրոշի մասին նոր օրենքով․ պատմում է նախագծի հեղինակը

ԱԺ-ում դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Պատգամավորը Sputnik Արմենիայի եթերում խոսել է օրինագծի նպատակներից։
Sputnik
Դրոշի մասին օրենքի փոփոխության նպատակն է պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքն ու հարգանքն ավելի լուրջ հիմքերի վրա դնելուն նպաստելը։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով «Դրոշի մասին» ՀՀ օրենքում իր առաջարկած փոփոխությունների մասին։
Նա ընդգծեց, որ հիմա մենք այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ իշխանության քաղաքականության հետևանքով ընդհանրապես պետությունն է արժեզրկվել։
Վարդանյանը կարծում է, որ գործող օրենքում սահմանված դրույթներով շատ սահմանափակ հաստատությունների վրա է տարածվում դրոշի տեղադրումը։ Նկատի ունենալով, որ դրոշն ամենագործածական պետական խորհրդանիշն է` պատգամավորը նպատակ ունի հասնել դրոշն ավելի շատ տեղերում տեղադրելուն։ Ըստ նրա՝ սա կարևոր է հատկապես երեխաների դաստիարակության, հայրենիքի, պետության հանդեպ վերաբերմունքի առումով։
Ըստ առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է, որ ՀՀ դրոշը լինի հանրակրթական հաստատությունների, բուհերի շենքերի, ինչպես նաև պետական, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների ու պետության ու համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա։ Իսկ անկախության տոներին դրոշը տեղադրվի նաև ՀՀ բոլոր բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շինությունների, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը պարտավոր է սահմանել համայնքի ղեկավարը։
Վարդանյանը նշեց՝ եթե նայենք հարևան երկրներին՝ Թուրքիայի, Ադրբեջանին կամ նույնիսկ Հունաստանին, կտեսնենք՝ որքան շատ տեղերում է տեղադրված իրենց դրոշը, և այնտեղ հատուկ կանոններ են սահմանված դրանց խախտումների դեպքում պատասխանատվության համար։
«Սա ուղղակի փորձ է հասարակության գիտակցության մեջ արմատավորել, որ մենք պետություն ենք, և այդ պետության խորհրդանիշները պետք է հարգենք ու մատաղ սերնդին դաստիարակենք այդ արժեքներով»,-նշեց Վարդանյանը։
Նշենք, որ օրինագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն էր ստացել մարտի 15-ին։ Ներկայացված օրինագիծը վերաբերում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքին, առաջարկվում է վարչական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր կխախտեն դրոշի մասին օրենքի առաջարկվող փոփոխությունները։
Հիշեցնենք՝ ՀՀ դրոշի մասին գործող օրենքն ընդունվել է 2006թ-ին։ Այն ենթադրում է ՀՀ դրոշի գործածման կարգը։
Կան դեպքեր, երբ դրոշը կա, բայց ավելի լավ է` չլիներ. ԿԳՄՍ փոխնախարար