ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։
Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։