Հայաստանը բարելավել է իր դիրքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետ

Բռնություն
Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է առավել մեծ ջանքեր գործադրել ոլորտում առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, նրա Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև խորհրդի և խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։
Մաթևոսյանն այս երևույթի դեմ պայքարում առաջընթացի գրավականներից է համարել նաև միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին աջակցող գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ կառավարության ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերը։
«Չնայած ոլորտում գրանցած առաջընթացին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ուղղորդում են մեզ առավել մեծ ջանքեր գործադրել և առավել ակտիվ գործունեություն ծավալել դիրքերը բարելավելու ուղղությամբ», - նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք։
Օրակարգի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2021 թվականին իրականացված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախատեսված 19 գործողություններից բոլորը կատարված են։
Ոստիկանները հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կնոջ