ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանից կկարողանա անհրաժեշտ քանակությամբ հացահատիկ ներկրել. հայկական և ռուսական կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Հայկական կողմը ներկայացրել է երկրում տարեկան սպառվող հացահատիկի ծավալը։ Ռուսական կողմն ընդունել է հայտը, նախնական պայմանավորվածություն կա, որ կտրամադրեն անհրաժեշտ քանակություն»,- ասաց նա։
Ըստ Ստեփանյանի` միակ պայմանն այն է, որ Հայաստանից հացահատիկի վերաարտահանում չլինի դեպի երրորդ երկրներ։
Նշենք, որ հարցն այսօր քննարկվել է նաև Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել ցորենի և մեսլինի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի և շաքարավազի արտադրության և սպառման տարեկան ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռներ ձևավորելու համար։
Քվոտաներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի երկուշաբթի օրը։
ԵԱՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը քննարկման ժամանակ հայտարարել է. «ԵԱՏՄ-ն գյուղատնտեսական արտադրանքի ամենախոշոր արտահանողն է, և, հետևաբար, մեզ կենսական նշանակության ապրանքների պակասուրդ չի սպառնում»։
Հիշեցնենք` ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումների ֆոնին Ռուսաստանը մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանման վրա։ Արգելքը վերաբերում է ցորենին և մեսլինին (ցորենի և տարեկանի խառնուրդ), տարեկանին, գարուն ու եգիպտացորենին։ Ռուսաստանի այս որոշումը որոշակի իրարանցում էր առաջացրել նաև հայաստանյան շուկայում` հաշվի առնելով, որ այս ապրանքների ներկրման հիմնական շուկան մեր երկրի համար Ռուսաստանն է։