ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ոստիկանները բացահայտել են մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցած 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները, գրում է Shamshyan.com-ը։
Նշենք, որ դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում նյութեր էին նախապատրաստվել «դժբախտ պատահար» հատկանիշով, քանի որ ոստիկանություն էր ահազանգել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Մանուկյանը, որը հայտնել էր, որ Վ. Յանգյանը աղբանոցում գունավոր մետաղներ փնտրելիս մնացել էր հողակույտի տակ, ու ինքը տեսել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։
Սակայն դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել է, որ երիտասարդին սպանել են։
«Դատաբժշկի եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերված 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակի զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրային զարկերակի վնասումով կտրած-ծակած վերք։ Վնասված է եղել նաև Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը, ինչն էլ, ըստ դատաբժշկի, հանդիսացել է նրա մահվան պատճառ»,–գրում է կայքը։
Յանգյանին սպանելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին է բերման ենթարկվել Ա. Մանուկյանը ու ձերբակալվել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին Գյումրու քաղաքային աղբանոցում դի է հայտնաբերվել։