ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում մաքսային վճարումներ կատարելիս փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ռեշետնիկովը խոսել է ԵԱՏՀ նիստի արդյունքների մասին, որը տեղի է ունեցել մարտի 17-ին։ Քննարկված թեմաների թվում էր ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցը։
«Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթով։ Այս պահին մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին»,- պարզաբանել է ռուս նախարարը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։