Բայդենը ՉԺՀ առաջնորդին նախազգուշացրել է ՌԴ–ին աջակցելու հետևանքների մասին. Սպիտակ տուն

Չինաստանի նկատմամբ հավանական գործողությունների մանրամասներն ԱՄՆ նախագահը չի բացահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինին նախազգուշացրել է հետևանքների մասին, եթե հանկարծ պարզվի, որ Պեկինն աջակցում է Ուկրաինայում ՌԴ գործողություններին։ Այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Բայդենը պարզ հասկացրեց, որ հետևանքներ կլինեն, եթե Չինաստանը Ռուսաստանին օգնություն տրամադրի», – հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտոնյան։
Նա չի նշել պատժամիջոցների մասին, միայն հավելել է` Բայդենը խոստացել է, որ պատասխան կլինի ոչ միայն ԱՄՆ–ի կողմից, «այլև ողջ աշխարհի»։
Ուկրաինան Դնեպրոպետրովսկում սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ
«Հրապարակավ մեր հնարավորությունները չեմ քննարկի», – հավելել է պաշտոնյան։
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով` Բայդենը Սի Ծինփինին չի ասել, թե ԱՄՆ–ն կոնկրետ ինչ սպասումներ ունի ՉԺՀ–ից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում` այդ որոշումը թողնելով Չինաստանի առաջնորդին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Բայդենն ու ՉԺՀ–ի առաջնորդը մոտ երկու ժամ զրուցել են տեսակապով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները փորձել են «Տոչկա-Ու» հրթիռներով հարվածել Մելիտոպոլին․ ՌԴ ՊՆ