ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանից արգելվում է 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ և Հայաստան։
ՊԵԿ–ը հիշեցնում է, որ նման արգելք է սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`2022 թվականի մարտի 1-ի որոշմամբ։
Նշված արգելքը տարածվում է ցանկացած կանխիկ արտարժույթի, այդ թվում և այն գումարների վրա, որոնք նախկինում ներմուծված են եղել ՌԴ որևէ այլ երկրից։ Արգելքը տարածվում է ինչպես ՌԴ քաղաքացիների վրա, այնպես էլ ՌԴ տարածքից դուրս եկող այլ երկրների, այդ թվում` ՀՀ քաղաքացիների վրա։
ՀՀ ՊԵԿ–ը հայտնում է, որ 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի հայտնաբերումն իրականացվում է սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման միջոցով։
Սահմանված չափը գերազանցող ֆինանսական միջոցների հայտնաբերման դեպքում դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։