Արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները. Գեղամ Ստեփանյանը հարց է ուղղում ՄԱԿ–ին

30 տարի շարունակ ՄԱԿ-ը, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Facebook–ի իր էջում քննադատել է ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի բռնազավթած հայկական Շուշիում Ադրբեջանի հետ իր համագործակցության 30 տարին նշելու համար։
«Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է (ՄԱԿ–ը,–խմբ.) Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց»,-գրել է Ստեփանյանը։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կառույցի առաքելությունը ներկայացնում է խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն արժեքների կայացման մեջ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները»,-գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի այս քայլը դատապարտել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։