ԱՄՆ–ն ձգտում է ընդլայնել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների կոալիցիան. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ–ում սպառնացել են, որ Ուկրաինայում Մոսկվայի հատուկ ռազմական գործողության հետ կապված պատժամիջոցային ճնշումները ՌԴ էկոնոմիկայի վրա կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ վարչակազմն աշխատում է Ուկրաինայի դեպքերի հետ կապված ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների կոալիցիան ընդլայնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների և դաշնակիցների հետ ներխուժման պատճառով Ռուսաստանի և նրա ղեկավարության վրա երկարաժամկետ հետևանքներ թողնելու համար։ Մենք նաև աշխատում ենք սահմանափակումներ կիրառող երկրների կոալիցիան ընդլայնելու ուղղությամբ», – ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Նա հավելել է` որ պատժամիջոցային ճնշումները ՌԴ էկոնոմիկայի վրա Ուկրաինայում Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունների հետ կապված կշարունակվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։