ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհն առաջիկա 12-18 ամիսում կբախվի պարենի խորը ճգնաժամի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։
«Պարենի խորը ճգնաժամ կլինի, հատկապես այն երկրներում, որոնք կախված են Ռուսաստանից՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի մարտահրավերին` ինչպես իր, այնպես էլ գործընկերների համար»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա նաև հայտարարել է, որ հաջորդ 5 տարվա համար պետության ղեկավար ընտրվելու դեպքում նպատակ ունի ապահովել Ֆրանսիայի պարենային անկախությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հրապարակել էր նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, որում ընդգրկվել է 12 քաղաքական գործիչ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։