Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Խարկովի շրջանի գյուղերից մեկը. կա 4 զոհ

Դոնբաս. Արխիվային լուսանկար
Մարդիկ ռուսական հումանիտար օգնությունն էին ստանում, երբ Կազակական Լոպանը գնդակոծման է ենթարկվել ու դրա հետևանքով կան նաև վիրավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են ռուսական զորքերի կողմից ազատագրված Խարկովի շրջանի Կազակական Լոպան գյուղը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի ժամանակավոր վարչակազմի ներկայացուցիչը։
Նախնական տվյալներով` 4 մարդ մահացել է, նվազագույնը 2 հոգի էլ վիրավոր է։
Ավելի վաղ` մարտի 13-ին, տվյալ գյուղում ուկրաինական դրոշի կողքին բարձրացվել էր նաև ռուսականը։ Ընթացիկ խնդիրների լուծման համար գյուղում ստեղծել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ։
«Առաջին արկերն ընկել են կեսօրին մոտ։ Հենց այդ ժամանակ գրեթե ողջ ավանը ստանում էր ռուսական մարդասիրական օգնություն։ Այնտեղ այդ պահին եղել է ոչ պակաս, քան 1000 մարդ։ Հարվածներ են հասցրել նաև գյուղխորհրդի և տեղի դպրոցի մոտակայքում»,– պատմել է գործակալության զրուցակիցը։
Վիրավորներին տարհանել են ՌԴ` բուժօգնություն տրամադրելու համար։
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով` գնդակոծել են 152 մմ տրամաչափի զենքերից, վիրավորների թվում դեռահաս աղջիկ է եղել։
«Ստացած մթերքներով նրանք տատիկի հետ տուն էին վերադառնում։ Տատիկը տեղում մահացել է, իսկ աղջկա ոտքն է պոկվել»,– լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը։
Նրանք նշել են, որ մինչ օրս իրենց գյուղում խաղաղ է եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։