ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թուրքիայի պետական Botaş գազային ընկերությունը մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը տարեկան 1,7 մլրդ խ/մ գազ կմատակարարի ադրբեջանական կողմին՝ Թուրքիայում SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերության կարիքների բավարարման համար։ Այս մասին հուշագիրը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Ըստ հուշագրի՝ ստորագրող ընկերությունները յուրաքանչյուր տարի առանձին պայմանագիր են կնքելու մատակարարման ծավալների վերաբերյալ։ Բնական գազի գինը ներառելու է Թուրքիայի տարածքում փոխադրման սակագինը, Botaş-ի առանձին փոխադրման արժեքը, եթե այդպիսին կլինի, և Թուրքիայի պետական հարկերը։
Հիշեցնենք՝ բնական գազի մատակարարման մասին հուշագիրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2021թ․ դեկտեմբերի 22-ին՝ Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ ֆորումի» շրջանակներում։ Հուշագիրը բաղկացած է 10 կետից։ Կողմերը համաձայնել են նաև առավելագույնս օգտվել Բաքու-Թիֆլիս-Էրզրում և ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող Տրանսանատոլիական գազատարներից (TANAP)։