Թուրքիայի հետ բանակցելիս թող վարդագույն ակնոցը հանի. երիտասարդների «նվերները»` Միրզոյանին

Արարատ Միրզոյանի «նվերները» բողոքի ակցիա անողները թողեցին ԱԳՆ–ի առջև` երթով շարժվելով դեպի կառավարության շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ այսօր բողոքի ակցիա անող ՀՀԿ–ական և ՀՅԴ-ական երիտասարդները «նվերներ» էին բերել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համար։
Հայտնել էինք, որ ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդներն ակցիա են կազմակերպել` բողոքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` «Անադոլուի» հետ հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարության դեմ, թե հայ հասարակությունն ընդհանուր առմամբ ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Երիտասարդներից մեկն ասաց, որ ակցիայի մասնակիցներից մեկն է բերման ենթարկվել, որի մոտ Միրզոյանի նվերներն են եղել։
«Քանի որ Միրզոյանը Թուրքիայի հետ լավ է բանակցում, առաջարկում ենք հրաժարական տալ և Անթալիա գնալ։ Մենք պատրաստ ենք աջակցել նրան այդ հարցում։ Ու դրա համար հո դատարկաձեռն չէինք գալու` նվերներ ենք բերել»,–ասաց երիտասարդների մեկը։
Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Միրզոյանին նվիրում են հողաթափեր, ինչպես նաև լողազգեստ, որ Թուրքիայում նաև ծով մտնի։ Բացի այդ, տվեցին նաև գլխարկ և արևային ակնոց, որպեսզի բանակցելիս վարդագույն ակնոց չդնի։
Արարատ Միրզոյանի «նվերները»
Նրանք «նվերները» թողեցին ԱԳՆ–ի առջև` շարժվելով դեպի կառավարության շենք, որտեղ էլ կշարունակեն բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիա անողները հայտնել են` Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ Միրզոյանն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու։ Նրանց խոսքով` աշխարհին պետք է ցույց տալ, որ ոչ ոք չի կարող մոռանալ Հայոց ցեղասպանության հարցը։
Հիշեցնենք նաև, որ մարտի 12-ին Անթալիայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։