ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը 2021 թվականին Ռուսաստանում տնտեսապես նշանակալի հիվանդությունների բռնկումները կապել է Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետ, հայտնել Է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կցանկանայի ուշադրություն դարձնել տնտեսապես նշանակալի հիվանդությունների բռնկմանը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Միայն 2021 թվականին բարձր պաթոգենային թռչնագրիպի վնասը գերազանցել է 1,7 միլիարդ ռուբլին, ոչնչացվել է 6 միլիոն գլուխ ընտանի թռչուն։ Ընդ որում` եվրոպական երկրներում գյուղատնտեսության ոլորտի կորուստները դրա պատճառով կազմել են շուրջ 2 մլրդ եվրո»,- ասել է Կիրիլովը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի լաբորատորիաների մասնակցությամբ (ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմակենսաբանական ծրագրերի շրջանակներում) ստեղծվել է թռչունների միջոցով հիվանդությունների փոխանցման նախագիծ, այդ թվում՝ հայտնաբերվել են թռչունների տեսակներ, որոնց թռիչքի երթուղիներն անցնում են Ռուսաստանով:
Նա նշել է, որ այս նախագիծն ամենաանխոհեմ և անպատասխանատու նախագծերից մեկն է եղել, քանի որ թույլ չի տալիս վերահսկել իրավիճակի հետագա զարգացումը:
ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած փաստաթղթերից հետևում է, որ ուկրաինացի մասնագետները ԱՄՆ-ի աջակցությամբ հետևել են դեպի Ռուսաստան չվող և վարակներ փոխանցելու ընդունակ թռչունների թռիչքի հեռահարությանը:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ պրեզենտացիա էր ներկայացրել, որից հետևում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ:
Իգոր Կիրիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներից բաղկացած ցանց էր ձևավորվել, որոնք աշխատում էին Պենտագոնի շահերից ելնելով: ԱՄՆ–ի ռազմակենսաբանական ծրագրի շարունակման համար անհրաժեշտ ամեն ինչը ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո դուրս է բերվել Ուկրաինայից:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեության փաստերի կապակցությամբ չի բացառում կոնսուլտացիաների մեխանիզմի գործարկումը կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Լիցզյունը, մեկնաբանելով Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկատվությունը, ԱՄՆ-ին կոչ է արել պարզաբանել երկրի ներսում եև արտասահմանում կենսաբանական ռազմականացման իր գործունեությունը: