ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի կնքմանը ձեռնամուխ լինելու Երևանի և Բաքվի քայլերը

ՌԴ ԱԳՆ շենքը. Արխիվային լուսանկար
Զախարովան ասել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է բանակցային գործընթացին ամեն կերպ աջակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի -Sputnik. Մոսկվան ողջունում է խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Երևանի և Բաքվի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը հաշտության պայմանագրի կնքմանը ձեռնամուխ լինելու։ Մենք հաստատում ենք մեր տրամադրվածությունը բանակցային գործընթացին ամեն կերպ աջակցելու հարցում», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։