HRW-ը Կիևին հորդորում է դադարեցնել ռուս ռազմագերիների վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը

Համակարգիչների դիմաց նստած մարդիկ
Իրավապաշտպանները նշել են, որ ռազմագերիների նկատմամբ նման վերաբերմունքը խախտում է նրանց պաշտպանությունը, որը նախատեսված է Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ժնևյան կոնվենցիաներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Human Rights Watch միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել սոցցանցերում ռուս ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութեր հրապարակելն ու նրանց իրավունքները խախտելը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի իշխանությունները պետք է դադարեցնեն գերի ընկած ռուս զինվորների տեսանյութեր հրապարակել սոցցանցերում և հավելվածներում, այդ թվում՝ նրանց նվաստացումը կամ ահաբեկումը ցուցադրող», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների օգտահաշիվներում ռուս գերիների մասնակցությամբ տասնյակ տեսագրություններ են հրապարակվել, որոնցից մի քանիսում երևում է, թե ինչպես են նրանց հարցաքննում կապված վիճակում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։