Հայաստանում գանգի դեֆեկտի աննախադեպ պլաստիկ վիրահատություն է կատարվել

8-ամյա աղջնակն ավտովթարի հետևանքով մի շարք վնասվածքներ էր ստացել` այդ թվում վնասվել էր գլուխը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աննախադեպ վիրահատություն՝ գանգի դեֆեկտի պլաստիկ վիրահատություն է կատարվել տիտանե կոնստրուկցիայով։ Տեղեկությունը հայտնումէ ԲԿ–ի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում։
Դեռ մեկ տարի առաջ` նախորդ հունիսին տեղի ունեած ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեկցող վնասվածքներով:
Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։
«Երեխայի ընդհանուր վիճակի բարելավումից հետո` տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով, Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա։ Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից»,–գրել է Դերձյանը։
Նրա խոսքով` կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: Այսպիսով կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին:
Ի դեպ, տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն։